Յուրաքանչյուր այցելություն Երևան տոն է ինձ համար. «Երալաշի» գեղարվեստական ղեկավար
INTERVIEW
Past.am-ը զրուցել է ռուսական «Երալաշ» հայտնի մանկական նախագծի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկու հետ:
- Պարո՛ն Գրաչևսկի, մեկնարկել է նոր ուսումնական տարին: Կկիսվե՞ք դպրոցական հուշերով:
-Դպրոցն ինձ համար խենթ ուրախություն էր: Ես յոթ տարեկան էի, ունեի հատուկ համազգեստ, որը հիշեցնում էր զինվորական հանդերձանք: Ուսուցչուհիս, որի անունը Կլերա Ալեքսանդրովնա էր, ինձ նյարդայնացնում էր: Շատ տարօրինակ կին էր, միշտ մոխրագույն զգեստ էր կրում: Բայց գերազանց էի սովորում: Հետո գերազանցիկ լինելն ինձ հոգնեցրեց: Օստրովսկու «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպի հիման վրա շարադրություն էի գրել, որտեղ գլխավոր հերոս Կորչագինին անվանեցի «ապուշ», մտքի համար ստացա երկու, գրագիտության համար՝ հինգ: Հետո հասկացա, որ պետք է գրել այն, ինչ իրենք են ուզում:
- Իսկ ի՞նչ էիք ցանկանում դառնալ:
- Վեց տարեկանից պրոֆեսիոնալ ելույթներ էի ունենում էստրադայում: Երազում էի ձիերի մասին հոգ տանել: Լավ էի հասկանում, որ ծնողներս գլուխս կջարդեին, եթե ասեի՝ ուզում եմ ամբողջ կյանքս դրանով զբաղվել: Ծնողներս կիրթ մարդիկ էին, մայրս գրադարանավար էր, հայրս արվեստի մարդ էր, ինքներդ եք հասկանում՝ ինչ կկատարվեր: Երկար տարիներ չեմ խոստովանել, հիմա ծնողներս չկան, կարող եմ ասել:
- «Երալաշ» նախագծի մանրապատումներում օգտագործե՞լ եք Ձեր մանկությունից սյուժեներ:
- Ես փոքր ժամանակ սիրում էի զվարճանալ, տարբեր պատմություներ հորինել: Օրինակ՝ կայարանում գնացքի ձայներ էինք հանում, մարդիկ խառնված մոտենում էին՝ մտածելով, թե գնացքն արդեն շարժվում է: Իրականում շատ ժամանակ կար մինչև գնացքի շարժվելը: «Երալաշում» օգտագործել եմ նման սյուժե:
-Հայաստան գալո՞ւ եք մոտ ժամանակներս:
- Նոյեմբերին գալու եմ, փառատոն է լինելու: Յուրաքանչյուր այցելություն Երևան տոն է ինձ համար: Զարմանալի մարդիկ, որոնք ապրում են զարմանալի քաղաքում: Ես Երևանում կազմակերպել եմ ֆիլմիս պրեմիերան, տեսել եմ մարդկանց դեմքերը, արցունքները: Շատ հաճելի է Հայաստանում: Սպասեք ինձ շուտով:
Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի




















































