Սեպտեմբերի 5-ից կգործի «Պանարմենիան Մեդիա դպրոցը»
LIFEBlognews.am-ը գրում է.
«Պանարմենիան Մեդիա Գրուպում» այսուհետև գործում է «Պանարմենիան Մեդիա դպրոց», որը նոր հնարավորություն ու ճանապարհ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ հեռուստատեսային աշխատանքներում։ Մեդիա դպրոցի բացման կապակցությամբ ուսանողների համար հատուկ ընդունելություն էր կազմակերպվել, որի ժամանակ դասախոսները բարի գալուստ մաղթեցին դիմորդներին։

Մեդիա դպրոցում գործում են հետևյալ բաժիները՝ հաղորդավարական աշխատանք, մոնտաժի արվեստ, օպերատորություն, ռեժիսուրա, լրագրություն և պրոդյուսերական գործ: Այժմ ընդունելությունը շարունակվում է երեք մասնագիտացումներով՝ պրոդյուսերական աշխատանք և ռեժիսուրա, լրագրություն, հնչունային ռեժիսուրա, որը նոր բաժին է։
Ուսման տևողությունը 6 ամիս է: Այստեղ դասավանդելու են ոլորտի լավագույն մասնագետները՝ Արտակ Ալեքսանյանը, Գնել Նալբանդյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրաչ Քեշիշյանը, Հրաչ Մուրադյանը, Արտակ Հերիքյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արմեն Պետրոսյանը և այլք: Դպրոցի գլխավոր առավելությունն այն է, որ այստեղ դասերի մեծ մասը կազմակերպվելու են պրակտիկ։

«Դպրոցում սովորելու համար մեկ ամսվա ընթացքում դիմել է 200-ից ավելի ուսանող, որոնցից ընտրվել է 45-ը։ Ըստ մասնագետների՝ նրանք առավել մեծ ներուժ ունեն մեդիա ոլորտում աշխատելու համար: Տարիքային սահմանափակում չկար, նույնիսկ 45 տարկան սփյուռքահայ կին ունենք ուսանողների շարքերում։ Ամենամեծ հետաքրքրությունն ու պայքարը հաղորդավարական բաժնի համար էր»,- ասաց Պանարմենիան մեդիա դպրոցի ղեկավար Նաիրա Իսահակյանը և հավելեց, որ լավագույն ուսանողները աշխատանքի հնարավորություն կունենան։
Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ սա կլինի փորձի փոխանակման լավագույն տարբերակը. «Փորձելու եմ ոչ միայն ինչ-որ բան տալ, այլև ստանալ: Շատ ոգևորված եմ ու հավատում եմ այն աչքերի փայլին, որով նրանք եկել են այստեղ»։

«Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նշեց, որ ուսանողներին սովորեցնելու է արևմտյան լրագրության կանոնները. «Լինելու են և տեսական և գործնական պարապմունքներ։ Պրակտիկան 2 քայլի վրա է, Ստուդիաները սպասում են մեր ուսանողներին»։
Արտակ Ալեքսանյանն էլ կարևորեց, որ ուսանողներն արդարացնեն այն գումարները, որ վճարել են. «Մենք Ձեզ կփոխանեցենք ոչ միայն գիտելիք, այլև փեշակ, մի բան, որով կարող եք վաստակել»։
Դասերը կսկսվեն սեպտեմբերի 5-ից։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



