Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի դիպլոմի իսկությանը կասկած հայտնած լրագրողը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում օգոստոսի 31-ին ձերբակալվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրագույն կրթության դիպլոմի իսկությանը կասկած հայտնած «Թյուրք սոլու» շաբաթաթերթի մեկնաբան Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն: Նրան մեղադրանք է ներկայացվել հուլիսի 15-ին այդ երկրում Անկարայի պնդմամբ` ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպած թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի օգտին պրոպագանդա իրականացնելու հիմնավորմամբ: Նույն հիմնավորմամբ Չուլհաղլուի հետ միասին ձերբակալվել են նաեւ հայտնի լրագրողներ Աթիլլա Թաշը, Մութլու Գյուլգեչենը:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Գյոքչե Ֆըռաթ Չուլհաօղլուն հռչակ է ձեռք բերել Մարմարա համալսարանից Էրդողանի ձեռք բերած դիպլոմի իսկության մասին հոդվածի հրապարակումից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ դիպլոմը կեղծ է եւ նախագահ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի:
Թաշի, Գյուլգեչենի եւ Չուլհաօղլուի անունները նշված են եղել օգոստոսի 30-ին Թուրքիայում 35 լրագրողների ձերբակալության համար դատախազության կողմից տրված ցուցակում:
Թուրքական կառավարության նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ հայտնի Թաշը Meydan հրատարակության սյունակագիրն է: Բացի այդ նա Twitter-ում բազմիցս սարկազմով արտահայտություններ է թույլ տվել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) նկատմամբ: Վերջերս նա գիրք է հրատարակել, որում զետեղել է թուրքական կառավարության հասցեին արած իր սուր քննադատություններն ու սրամիտ արտահայտությունները: 2015 թվականի մարտին Թաշը նաեւ կարճատեւ ձերբակալվել էր սոցցանցերում վարչապետ Ահմեթ Դավուօղլուին վիրավորելու մեղադրանքով:
Ներկայում թուրքական բանտերում արդեն ավելի քան 107 լրագրողներ կան: Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո AKP-ի կառավարությունը փակել է 130-ից ավելի ԶԼՄ, այդ թվում` երեք լրատվական գործակալություն, 16 հեռուստակայան, 23 ռադիոկայան, 46 թերթ, 15 հանդես եւ 29 հրատարակչություն:
Բացի այդ հուլիսի 15-ից հետո Թուրքիայում բերման է ենթարկվել 40 հազար մարդ, որոնցից 20 հազարը ձերբակալվել են: Թուրքիայի պետական հիմնարկներում մոտ 82 հազար մարդ հեռացվել է աշխատանքից:



