Ադրբեջանի դպրոցներից մեկում երկու տարում 5 աշակերտ ինքնասպանություն են գործել
SOCIETYԱդրբեջանի մայրաքաղաք Բաքվի Քյուրդախանի ավանում վերջին երկու տարում 5 անչափահասներ ինքնասպանություն են գործել, որոնք բոլորը թիվ 113 դպրոցի աշակերտներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Թուրան» լրատվական գործակալության, ավանում այդ խորհրդավոր ինքնասպանությունների տարբեր պատճառներ են նշվում: Ոմանք ինքնասպանությունների պատճառը բացատրում են անպատասխան սիրով, մյուսները` կրոնական գործոնով:
11-րդ դասարանի աշակերտ Ջեյհուն Ալիեւը սեփական տան բակում կախվել էր 2014 թվականի դեկտեմբերին: Նրա հայրը` Զաուր Ալիեւը գտնում է, որ նա կախվել է աղջկա եւ facebook-ի պատճառով:
Ռուսլան Հասանովի ընտանիքը չի համաձայնվում այն բանի հետ, որ նա ինքնասպանություն է գործել: Ռուսլանը կյանքից հեռացել է 2015 թվականի ապրիլին: Ընտանիքը գտնում է, որ Ռուսլանին ինչ-որ մեկը սպանել, իսկ հետո ինքնասպանություն է սադրել:
8-րդ դասարանի աշակերտ Թեյմուր Հասանովը 2016 թվականի օգոստոսին հայտնաբերվել է կախված այն արտադրամասում, որտեղ աշխատում էր: Նա կախվել էր անպատասխան սիրո պատճառով: Նրա հայրը խորհուրդ է տվել ինքնասպանության պատճառների մասին հարցնել դատախազությունում:
2015 թվականին ինքնասպանություն էր գործել այդ դպրոցի աշակերտ Ալի Մամեդովը:
Նույն դպրոցի աշակերտուհի Փյուստախանում Ալիզադեն ինքնասպանություն է գործել 2013 թվականին, հարեւան Մուհամեդի ավանի դպրոց տեղափոխվելուց երկու ամիս անց:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հայտնել ինքնասպանությունների հետ կապված հետաքննությունների ընթացքը: Սակայն, ինչպես հայտնել է ինքնասպանություն գործած դպրոցականներից մեկի հայրը, ինքնասպանությունների բոլոր փաստերով հետաքննությունը միավորվել է մեկ գործի մեջ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում տեղի ունեցած 243 ինքնասպանություններից 28-ը գործել են անչափահասներ, 111-ը` կանայք: 2016 թվականին Ադրբեջանում ինքնահրկիզման 16 փորձ է գրանցվել, որից 14-ը մահվան ելքով ավարտ է ունեցել:



