Հայաստանում նոր ուսումնական տարում դպրոց կհաճախի շուրջ 40 հազար առաջին դասարանցի
SOCIETYԳիտելիքի միջազգային օրը` սեպտեմբերի 1-ին, Հայաստանի դպրոցներ առաջին անգամ մուտք գործեցին շուրջ 40 հազար դպրոցահասակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Թե՛ աշակերտների, եւ թե՛ ուսանողների վերջնական թիվը պարզ կլինի մի փոքր ավելի ուշ»,-նշեց նա:
Աշակերտների նախնական թիվն արդեն իսկ գերազանցում է 2015 թվականի ցուցանշին, որը 39 հազար 246 էր:
Քանի որ այս սեպտեմբերի մեկը ՀՀ անկախության 25-ամյակի սեպտեմբերի մեկն է, Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ այդ առիթով նախատեսվում են բազմաբնույթ միջոցառումներ:
Այս տարի նախատեսվում են փոփոխություններ ուսումնական պլանում՝ երկրորդ կիսամյակում բեռնաթափելու են ուսումնական ծանրաբեռնվածությունը առաջինից չորրորդ դասարանցիների համար:
Հայաստանի Հանրապետությունում կա 1430 դպրոց, որից 850-ը 300-ից պակաս աշակերտ ունի, իսկ շուրջ 400 դպրոց՝ 500-ից պակաս:



