Իրանը «Հարավային Պարս» հանքավայրից կսկսի նավթ արդյունահանել մինչեւ տարեվերջ
INTERNATIONAL NEWSԻրանը Պարսից ծոցի «Հարավային Պարս» հանքավայրից կսկսի նավթ արդյունահանել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին օգոստոսի 31-ին «Թասնիմ» գործակալությանը հայտնել Է Իսլամական Հանրապետության նավթի նախարար, Իրանի ազգային նավթընկերության (ԻԱՆԸ) ղեկավար Ալի Քարդորը:
«Ներկայում Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվում Է նավթարդյունահանման հարթակի մոնտաժումը: Մոնտաժային աշխատանքների ավարտվելուց հետո այն կքարշակվի իրանական տարածքային ջրեր եւ կտեղադրվի «Հարավային Պարսի» նավթաշերտի առաջին տեղամասում: ԻԱՆԸ-ն հույս ունի այդ տեղամասում արդյունահանել օրական 35 հազար բարել»,-ասել Է նա:
Ինչ վերաբերում Է հանքավայրի նավթաբեր մասի երկրորդ եւ հաջորդ տեղամասերին, ապա դրանց յուրացումը պլանավորվում Է հանձնել օտարերկրյա ընկերություններին, քանի որ Իրանը չի տիրապետում այնտեղ նավթարդյունահանում իրականացնելու տեխնոլոգիաներին, նշել Է Քարդորը: Նրա խոսքով՝ այդ տեղամասի յուրացման համար միջազգային հայտամրցույթ կհայտարարվի ըստ նոր կանոնների, որոնք այժմ հաստատման ընթացակարգ են անցնում Իսլամական Հանրապետության խորհրդարանում:
Պարսից ծոցում Իրանի եւ Քաթարի միջեւ գտնվող աշխարհում խոշորագույն նավթագազային հանքավայրը բաժանված Է երկու մասի՝ իրանական եւ քաթարյան: Իրանական մասի պաշարները գնահատվում են 13,8 տրլն խորանարդ մետր գազ եւ 27 մլրդ բարել նավթ:
Իրանի նավթի նախարարության տվյալներով՝ հունիսին Իրանը Հարավային Պարսում արդյունահանել Է օրական 354 մլն խորանարդ մետր գազ, սակայն նավթարդյունահանումն առայժմ չի սկսել այն դեպքում, երբ Քաթարն արդեն անցյալ տարվա վերջից նավթ Է ստանում այս հանքավայրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



