Նորանշանակ դատավորը 170 միլիոնից ավել դրամական միջոցներ ունի
SOCIETYԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ըստ հայտարարագրի՝ Վարդանյանը մեկ բնակարանի, երկու առանձնատան եւ երկու հողամասի սեփականատեր է, իսկ նրա վարած ավտոմեքենան էլ TOYOTA AVENSIS 2.0 մակնիշի է: Նորանշանակ դատավորի փոխառությունները կազմել են 26 միլիոն 73 հազար 588 դրամ: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա՝ հուլիսի 14-ի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 86 միլիոն դրամ, 97 հազար ԱՄՆ դոլար եւ 73 հազար եվրո:
Հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում Վարդանյանի եկամուտները գոյացել են աշխատավարձից, գույքը օտարելու գումարներից եւ նվիրատվություններից:
Այսպես, Գրիգորի Վարդանյանն այս տարվա առաջին կեսում որպես նվիրատվություն է ստացել 37 միլիոն դրամ գումար` բնամթերքի տեսքով: Սրանից բացի` գույքը օտարելուց ստացված գումարն էլ կազմել է 13 միլիոն 500 հազար դրամ, իսկ նրա կես տարվա աշխատավարձն էլ կազմել է 1 միլիոն 254 հազար 666 դրամ:
Սրանցի բացի` նրա հայտարարագրում որպես այլ եկամուտներ են նշված 979 հազար 355 եւ 515 հազար 914 դրամ գումարը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



