Չկարողանալով լիցքավորում անել՝ կոտրել է «Թել-Սել»-ի տերմինալը
SOCIETYԿենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու կողմից լիցքավորում իրականացնող տերմինալն վնասելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցի 9 հասցեում տեղադրված «Թել-Սել» ՓԲԸ-ին պատկանող տերմինալի միջոցով ցանկանացել է լիցքավորել հեռախոսը, սակայն չկարողանալով գործողությունն ավարտին հասցնել՝ բարկությունից կոտրել է այն:
Նա տերմինալի ընդունիչի մեջ գցել է 300 դրամ գումար, սակայն տեխնիկական պատճառներով լիցքավորում չի կատարվել: Այնուհետեւ Հարություննյանը հիշյալ հանգամանքից վրդովված քարով հարվածել է տերմինալի էկրանին եւ «Թել-Սել» ընկերությանը պատճառել է 150 հազար դրամ գույքային վնաս:
Վերջինս մեղադրվում է Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով: Այս հոդվածը նախատեսում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով տուգանք, կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք, կամ էլ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:
Նրան ստորագրությամբ ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



