Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է Ժիրայր Սեֆիլյանին
SOCIETY«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է հղել Ժիրայր Սեֆիլյանին:
Նամակում մասնավորապես գրված է.
«Հարգելի´ Ժիրայր Սեֆիլյան, օգոստոսի 1-ին` կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու եւ քաղաքացիներին ձերբակալելու փաստին, աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում եւ շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին:
Եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռեւս գտնվում է անբավարար վիճակում: Կարծում եմ` եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի վստահության կառավարության եւ արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, որ բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»:



