Մերկելը գերմանաբնակ թուրքերից հավատարմություն է ակնկալում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը Թուրքիայում ներքին քաղաքական ճգնաժամի հետ կապված հայտարարել է, որ գերմանաբնակ թուրք քաղաքացիներից Գերմանիայի հանդեպ հավատարմության եւ նվիրվածության դրսեւորում է ակնկալում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, Մերկելը հայտարարել է Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով Թուրքիայի ներքին քաղաքական բեւեռացումների` Գերմանիայի փողոցներում անդրադարձումների հետ կապված քննարկումները:
«Երկար տարիներ Գերմանիայում բնակվող թուրքական ծագումով քաղաքացիներից սպասում ենք մեր երկրի նկատմամբ խոշոր մակարդակի հավատարմության զարգացումներ», -ասել է նա:
Անգելա Մերկելը Թուրքիայում ստեղծված իրավիճակի հետ կապված հանգստության եւ խելամիտ պահվածք դրսեւորելու կոչ է արել գերմանաբնակ թուրքերին:
«Կարծիքի եւ ցույցերի ազատությունը վերաբերում է Գերմանիայում բնակվող բոլորին: Սակայն բնական է, որ յուրաքանչյուրն իր տեսակետը կարող է արտահայտել խաղաղ կերպով», -ասել է Մերկելը:
Նախորդ օրը Վիեննայում բախում է տեղի ունեցել քրդական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչների միջեւ: Ավստրիայի իշխանությունները քրդերին թույլատրել էին Թուրքիայում քրդական խնդրի կարգավորման թեմայով հանրահավաք անցկացնել Վիեննայի կենտրոնական հրապարակում: Նույն օրը նույն ժամին այդտեղ են հավաքվել նաեւ թուրքական համայնքի ներկայացուցիչները, որոնք փորձել են խանգարել քրդերի հանրահավաքի անցկացմանը: Թուրքիան «խորհրդատվությունների» համար Ավստրիայից հետ է կանչել իր դեսպանին, որպեսզի քննարկի Ավստրիայի եւ Թուրքիայի «հետագա հարա բերությունների» հարցը: Անկարային զայրացրել է այն, որ Ավստրիան թույլատրել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ քրդերին հանրահավաք անցկացնել, որոնց նա «ահաբեկիչներ» է անվանում:



