Երևանի կենտրոնում անցկացվեց գարեջրի փառատոն
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 20-ին, Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկեց Երևանի գարեջրի ամենամյա 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնում է Past.am-ը:
Փառատոնը տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների շրջանակներում: Գարեջրի տոնին ներկայացված էր շուրջ 15 ընկերությունների 20 տաղավար: Դրանց թվում էին Հայաստանի առաջատար գարեջրի գործարաններ, գարեջրատներ, փաբեր և ռեստորաններ: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցում էր ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային ներուժը:
Տաղավարներում անցկացվեցին տարբեր մրցույթներ՝ արագ ըմպելու, ձողիկով ըմպելու, նրբերշիկի համը որոշելու, գետնանուշն արագ մաքրելու, խեցգետինն արագ ուտելու: Մրցույթներին կարող էին մասնակցել բոլոր այցելուները՝ ստանալով նվերներ քաղաքապետարանի և մասնակից ընկերությունների կողմից: Փառատոնի փակման արարողությանը բոլոր մասնակից ընկերությունները ստացան քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալագրեր:
Երեկոյի ուրախ տրամադրությունն իրենց կենդանի կատարումներով ապահովեցին Alexandrapol, Boeing նվագախմբերը և DJ Soprano-ն:
Լևոն Փանոսյան



