Գեղարքունիքի մարզում օգոստոս ամսին գրանցվել է հրդեհի 5 դեպք
SOCIETYԳեղարքունիքի մարզում 2016 թվականի օգոստոս ամսի 18 օրերի ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 3-ը՝ չոր խոտածածկ տարածքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, մնացած 2 դեպքերը վերաբերում են վագոն-տնակի եւ բնակարանային գույքի հրդեհումներ ի հետ:
«Գրանցված հրդեհներից առավել վտանգավորը եղել օգոստոսի 18-ին, երբ մոտ 20 հեկտար խոտածածկ տարածք է այրվել Սեւանի տարածքում, «Արեւիկ» հանգստյան գոտու հատվածում: Բարեբախտաբար, տեղի հրշեջների եւ փրկարար ծառայության ուժերով հաջողվել է մարել հրդեհը եւ կանխել նրա թափանցումը դեպի անտառային տարածք»-հավաստեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:
Հրդեհների մնացած 4 դեպքերը եւս մարվել են ժամանակին եւ համեմատաբար նվազ կորուստներով: Ըստ պետի տեղակալի՝ հունիս-հուլիսի ընթացքում տեղացած անձրեւները մեծապես նպաստել են հրդեհավտանգ իրավիճակի մեղմացմանը, բայց օգոստոսյան չոր ու շոգ եղանակն արդեն նպաստավոր են դարձել հրդեհների առաջացման համար, ինչը մարզի փրկարարներին պարտադրում է՝ ավելի բարձրացնել զգոնությունը եւ պատասխանատվությունը:
«Խոտի եւ հացահատիկի բերքահավաքից հետո շատ տեղերում մարդիկ հրդեհում են ծղոտը, որը կարող է տարածվել ու ընդգրկել նաեւ անտառային տարածքները: Լավ է, որ մինչ այժմ անտառային տարածքներում հրդեհների դեպքեր չեն գրանցվել, սակայն, բացի բացատրական աշխատանք տանելը, նաեւ մեր ծառայությունը աչալրջորեն վերահսկում է իրավիճակը»-հավաստեց վարչության պետի տեղակալը:
Խոսրով Խլղաթյան



