Վերակառուցվում է Վերին Գետաշենի խմելու ջրի մատակարարման համակարգը
SOCIETYԳեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում այս տարվա հուլիսից սկսվել եւ ամբողջ թափով ընթանում են խմելու ջրի մատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից տրամադրված միջոցների եւ Վերին Գետաշենի գյուղապետարանի կողմից կատարված համապատասխան ներդրումների հաշվին: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 867 միլիոն դրամ: Ծրագրի իրականացման ավարտի համար սահմանվել է 1 տարի ժամկետ: Վերին Գետաշենի գյուղապետարանի կողմից կատարված ներդրումն այս տարվա հմար կազմելու է 43 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է:
«Ծրագրով նախատեսված է 13 կիլոմետր արտաքին, 5 կիլոմետր ներքին ցանցի, 1 աղբյուրակապի, օրվա կարգավորիչ 2 ջրամբարների վերակառուցում, 2 քլորակայանի եւ 1 պահակատան կառուցում: Գյուղը սնող արտաքին ջրատարը, որը կառուցվել է 1961 թվականին, ունի 26 կիլոմետր երկարություն, որի 13 կիլոմետրը վերջին տարիներին հիմնանորոգվել է Վերին Գետաշենի գյուղապետարանի միջոցների հաշվին: Ներքին ցանցը 15 կիլոմետր է, որի 10 կիլոմետրն արդեն հիմնանորոգել ենք տեղական բյուջեի եւ գյուղի առանձին բարերարների միջոցների հաշվին: Անցած մեկուկես ամիսների ընթացքում մոնտաժվել է արտաքի ցանցի 3 կիլոմետր հատված, փորվել 8 կիլոմետր երկարության խրամուղի, ընթանում է աղբյուրակապի վերակառուցումը:
Մինչեւ ձմեռնամուտ աշխատանքների մեծ մասն ավարտի կհասցվեն: Իսկ ծրագրի ամբողջական ավարտից հետո մեր գյուղը կունենա շուրջօրյա անխափան ջրամատակարարում՝ հիմնովին լուծելով ջրամատակարարման խնդիրը: Ճիշտ է, մենք գրեթե միշտ ունեցել ենք կանոնավոր ջրամատակարարում, սակայն թե արտաքին, թե ներքին ցանցերում հաճախակիացել էին վթարները, որոնց արդյունքում, հատկապես ձմռան ամիսներին, գյուղն օրերով ջրազրկվում էր, մինչեւ որ կարողանում էինք վերացնել վթարները: Հիմա արդեն կբացառվեն նման խնդիրները»-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան



