IDeA-ն ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել
SOCIETY«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների միջեւ օգոստոսի 26-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որն ուղղված է ենթակառուցվածքների, տարածքների զարգացման ոլորտում համագործակցությանը, ինչպես նաեւ զարգացմանը միտված այլ ծրագրերի համատեղ իրականացմանը:
Ինչպես տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից, փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ու IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:
«Մեր երկու կառույցներն ունեն գործունեության ընդհանուր ուղղություններ եւ աշխատանքներ են իրականացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման, տարածքների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի մարզերում, որոնք հատկապես զբոսաշրջության զարգացման տեսակետից լուրջ ներուժ ունեցող տարածաշրջաններ են: Համոզված ենք, որ մեր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքով կարող ենք սիներգիայի էֆեկտ ստանալ եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,-ընդգծել է Էդգար Մանուկյանը:
Աշոտ Կիրակոսյանը նույնպես ողջունել է երկու հիմնադրամների միջեւ փոխգործակցության նախաձեռնությունը: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկել է Սոցիալական ներդրումների եւ տարածքային զարգացման նոր ծրագրի իրականացումը: Մենք հատկապես կարեւորում ենք համագործակցությունը տեղական գործընկերների, նվիրատուների եւ շահագրգիռ կառույցների հետ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը շնորհակալ գործունեություն է ծավալել զարգացման մեծ ներուժ ունեցող երկու տարածքներում` Տաթեւում եւ Դիլիջանում: Հուսով ե նք, որ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ եւ շարունակական,-նշել է նա:
Կողմերը, մասնավորապես, կգործակցեն Դիլիջանի եւ Տաթեւի տարածաշրջաններում սոցիալական ու հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:



