Մեկնարկել է երիտասարդ առաջնորդների «Առաջնորդարան» դպրոցը
SOCIETYՄեկնարկել է Արարատյան Հայրապետական թեմի և Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) համատեղ ծրագիրը` երիտասարդ առաջնորդների դպրոց «Առաջնորդարան»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, այն երկամսյա դասընթաց է, որը կազմակերպվում է դասախոսությունների, քննարկումների, հայտնի գործի չների hետ հանդիպումների ու խմբային ծրագրերի իրականացման ձևաչափով: Երիտասարդ առաջնորդներին ընձեռնում է անձնական զարգացման և սոցիալական ինտեգրման լայն հնարավորություն:
«Առաջնորդարան»-ի մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ Հայ Եկեղեցու ու երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին, ուսումնասիրել 21-րդ դարի փիլիսոփայության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, հանդես գալ սեփական մոտեցումներով, հայ ժողովրդի ու եկեղեցու առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկություններով ու նախագծերով:
Նրանք կխորացնեն իրենց գիտելիքները հոգևոր և ազգային արժեքների ոլորտում և ձեռք կբերեն հմտություններ դրանց կիրառման համար:
Հանդիպումներն իրականացվում են լսարանային և ակումբային ձևաչափով՝ անվճար սկզբունքով: Տեղի է ունեցել արդեն երկու հանդիպում, սակայն սկզբունքային, սեփական կյանքը տնօրինել ձգտող երիտասարդների համար դռները դեռ բաց են:
Առաջիկա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 18.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում: Զրույց-քննարկման թեման է «Անհատը քաղաքականության մեջ: Քաղաքագիտության հիմնահարցեր», խոսնակը՝
«Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանն է:



