Իրաքցի քրդերը պատրաստվում են Մոսուլի գրոհին
INTERNATIONAL NEWSԻրաքցի քրդերը Ռուսաստանից սպառազինության նոր խմբաքանակ են ստացել: Իրաքյան Քուրդիստանի Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Ասո Թալաբանին «Ինտերֆաքս»-ին հաղորդել է, որ Ռուսաստանից ռազմամթերքի հերթական խմբաքանակը ստացվել է հուլիսի վերջին, այդ թվում՝ ինքնաձիգի եւ Կալաշնիկով գնդացրի 1 մլն փամփուշտ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը «Էրբիլ է հասցրել եւս մեկ ինքնաթիռ»: Դա եղել է «մոտ երկու շաբաթ առաջ»: Ինքնաթիռի մեջ եղել են ինքնաձիգի եւ Կալաշնիկով գնդացրի փամփուշտներ, ընդհանուր առմամբ՝ «մոտ 1 մլն փամփուշտ»: «Դրանք նախատեսված են Մոսուլի գրոհի համար»,- ասել է Թալաբանին:
Տեղեկությունը հաստատել է Էրբիլում ՌԴ գլխավոր հյուպատոսի խորհրդական Եվգենի Արժանցեւը: Նրա փոխանցմամբ՝ ինքնաձիգի եւ Կալաշնիկով գնդացրի համար նախատեսված ռազմամթերքի մատակարարումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին եւ կազմել է 940 հազար փամփուշտ:
Թալաբանիի տեղեկացմամբ՝ ռուսական կողմը հավաստիացրել է, որ «դա քրդերին ռազմական օգնության վերջին ինքնաթիռը չէ»: Սակայն հաջորդ մատակարարման ժամկետը հայտնի չէ:



