Moody's. Ղրիմի՝ թեժ կետի վերածվելը կխափանի Ռուսաստանի տնտեսության վերականգնումը
INTERNATIONAL NEWSՂրիմի՝ թեժ կետի վերածվելը կխափանի Ռուսաստանի տնտեսության վերականգնումը: Նման կարծիք են հայտնել Moody's-ի փորձագետները:
Գործակալությունը զգուշացրել է, որ ռուս-ուկրաինական հարաբերություններում լարվածության մեծացումը կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի վարկային վարկանիշի վրա, որը 2015-ի փետրվարից Ba1 «թափոնային» մակարդակում է («սպեկուլյատիվ տարրեր եւ վարկային վտանգ»):
Moody's-ի փորձագետները նշել են, որ Դոնբասում հարաբերական անդորրից հետո Ռուսաստանի տնտեսությունն ու ֆինանսական շուկաներն աստիճանաբար կայունանում էին, չնայած նավթային շուկայում պահպանվող փոփոխականությանը, ինչը մասնավորապես արտահայտվել է ռուբլու ամրապնդմամբ: Մինչդեռ ռազմական առճակատման սրումը կարող է իրավիճակը կտրուկ վատացնել:
2015-ի փետրվարի վերջին Moody’s-ը Ռուսաստանի սուվերեն վարկային վարկանիշը նվազեցրել է մինչեւ Ba1 մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ: 2016-ի ապրիլին վարկանիշը պահպանվել է նույն մակարդակին, չնայած հնարավոր նվազեցման կանխատեսումներին: Նվազման ուղղությամբ վարկանիշի չվերանայման որոշումը Moody’s-ի փորձագետները բացատրել են այն հանգամանքով, որ չնայած տարեսկզբին նավթի գների անկմանը եւ բյուջեի վերանայմանը, ՌԴ տնտեսությունը կայունություն է ցուցադրել:



