Ջաջուռում մի մեքենա գլորվել է ձորը, մյուսն էլ բախվել է հրշեջ մեքենային
SOCIETYՕգոստոսի 14-ին, ժամը 20.53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի ոլորաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել աստրա» մակնիշի 22 TT 878 պետհամարանիշով (վարորդ Ն. Ա., ծնվ.1956թ.) Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 23-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 25 մ գլորվել ձորը: Ուղեւորներ Հ. Ն.-ին (ծնվ. 1971թ.) եւ Գ. Ա.-ին (ծնվ. 1967թ.) տեղի ուժերով, իսկ վարորդ Ն.Ա.-ին (ծնվ. 1956թ.) շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը:
Դեպքի վայրի մոտակայքում հրշեջ-փրկարարական ավտոմեքենային է բախվել «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի (վարորդ Ա. Բ.) 34 DO 290 պետհամարանիշով ավտոմեքենան:
Բախման հետեւանքով տուժածներ չկան: Ավտոմեքենաները ստացել են թեթեւ նյութական վնաս:



