Երբ կինը զենք է վերցնում, դրանում ամբողջ հասարակությունն է մեղավոր. Ամո Շարոյան
SOCIETY«Իսլամական պետություն» կոչվող հրեշը 2014թ. օգոստոսի 3-ին հարձակվեց մեր բնօրրանի, մեր տան, մեր օջախի, մեր Շանգալի վրա և սկիզբ դրեց եզդի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, կոտորածների և ցեղասպանության: Սկսվեց և մինչև օրս շարունակվում է մեր ժողովրդի նկատմամբ մարդկային մեծ աղետը…
ԻՊ-ի հրեշների ոճրագործությունները, տարածքների ամայացումը, քաղաքացիների գլխատումը, վայրագությունների ցուցադրումը հանցագործություն են մարդկության և քաղաքակրթության դեմ: Դաժան, անորոշ խավարը դեռևս շարունակում է պատել մեր բնօրրանի մի մասը:
Եզդի ժողովրդի անվանի երգչուհի Խատե Շանգալին 2015թ. հուլիսի 2-ին ստեղծել է «Արևի աղջիկներ» կամավորական եզդիական զինջոկատը և տղամարդկանց հետ հավասար պայքարում է Շանգալի և եզդի գերիների ազատագրման համար: Ջոկատի աղջիկները, սպանելով Իսլամական պետության հրեշներին, նրանց ուղարկում են դժոխք, որովհետև, ըստ նրանց հավատքի, կնոջ կողմից սպանվածը դրախտ չի գնում: Այդ անասնական մղումներով տարված հրեշների մոտ իշխում է մահվան պաշտամունքը: Երգչուհին զենք է վերցրել. մայր, կին, աղջիկ, քույր ու հարս' բոլորիս համար գեղեցկության տիպար կանայք Աստծո կողմիÖ կոչված են ծնելու, սիրելու, սիրվելու և արարելու համար: Բայց եզդի կինն այսօր մեր բնօրրանում զենք է վերցրել և սպանում է մարդ արարածին, եթե կարելի է իհարկե նրանց մարդ համարել: Սպանում է ուրիշ կնոջ' նույնպես մոր ստեղծածին: Չի ուզում որդեկորույս և որդեսպան լինել, բայց կյանքը, շրջապատն իրեն որդեսպան է դարձրել, նրան ցավ ու տառապանք է պատճառել, այնպիսի ցավ, որը միայն հիշելն ահավոր ցավ է պատճառում:
Եզդուհին զենք է վերցրել բիրտ, վայրագ և անմարդկային ուժի դեմ: Զայրութը ներսից խեղդում է, բավական է բավական, եթե ժամանակին ամերիկյան և եվրոպական զինվորական միջամտության որոշման դեմ պայքարողներ կային, ապա այսօր առերևույթ երևում է, որ շատ շատերը' հասարակության մեծամասնությունը, համոզիչ կերպով «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ կատարվելիք գործողությունների որոշման կողմնակից են:
Հավատացեք, եկել է ահաբեկիչներին իրենց որջում ոչնչացնելու ժամանակը: Եթե ոչ այսօր, ապա վաղը կարող է ուշ լինել: Լինենք միասնական ԻՊ չարիքը վերացնելու գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու ուղղությամբ: Ժամն է' գնահատենք իրար, ափսոսենք միմյանց և կանխենք մեզ սպառնացող աղետը:
Թե՞ ես սխալվում եմ աղետը, ահաբեկչությունները միայն «Իսլամական պետություն» կոչվող հրեշների հետ կապելու հարցում: Միթե՞ կան ավելի խորքային գործընթացներ, որոնք չեն երևում, որոնք մենք չենք տեսնում: Հավատացած եմ, որ իրադարձությունները կզարգանան ի նպաստ արդարության: Այդ ամենին կհետևեն պատասխաներ, որ ԻՊ-ի հրեշները չարիք են բոլորիս համար: Աշխարհի հզորներ, ցավալի է բայց չպետք է մոռանանք, որ դրա նախադեպերը բազմիցս եղել են, դրանք կործանարար հետևանքներ են ունեցել մարդկության համար: Հարկավոր է, որ ժամանակին զգուշանանք և մեր ապագան չկանգնեցնե նք այդ վտանգի առջև:
Աստված ապավեն ամբողջ աշխարհին, մեր ընդհանուր տուն երկիր-մոլորակին»:
Ամո Շարոյան «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ



