Հալեպում գրոհայինները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան եւ օդանավակայանը
INTERNATIONAL NEWSՍիրիական Հալեպ քաղաքում անցած մի քանի օրերին ահաբեկչական խմբավորումները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան, երկու բնակելի թաղամաս եւ օդանավակայանը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Հալեպում ահաբեկիչները համազարկային կրակի ռեակտիվ կայաններից, ինչպես նաեւ ականանետներով կրակահերթի տակ են պահել քաղաքի հարավային հատվածում գտնվող ֆերմաները, ցեմենտի գործարանը, Էլ-Ասադ ռազմական ակադեմիան, գյուղատնտեսական շուկան, առեւտրի կենտրոններից մեկը, երկու բնակելի թաղամաս, ինչպես նաեւ Էն-Նաիրաբ օդանավակայանը»,- այս մասին ասված է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Ջեբհատ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները շարունակում են խոչընդոտել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերջնական հաստատմանը:
Նախարարությունից նաեւ տեղեկացրել են, որ մեկ օրվա ընթացքում գրանցվել է ռեժիմի խախտման 10 դեպք Դամասկոսում եւ Լաթաքիայում:



