Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Օձաբերդի տարածքում պեղվել է հետուրարտական շրջանի բնակավայր

SOCIETY

Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող Օձաբերդ ամրոցում, որը նույն ամրոցի արեւմտյան թեւի ժայռի վրա պահպանված  Ուրարտուի արքա Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրության մեջ հիշատակված է  «Տարերքի աստծո» քաղաք անունով, այս տարի եւս շարունակվեցին հնագիտական պեղումները  «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությւնների կենտրոնի նախաձեռնությամբ եւ հնագետ, «Էրեբունի» արգելոց- թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի գլխավորած արշավախմբի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի ղեկավար Միքայել Բադալյանը, հնագիտական պեղումներն այս տարի սկսվել են հուլիսի 18-ից եւ ավարտվել օգոստոսի 11-ին: Այս տարի պեղումները կատարվել են արշավախմբի նվիրումի և արշավախմբի անդամների նյութական միջոցների հաշվին:

«Ի տարբերություն նախորդ տարի պեղված երեք տեղամասերի, այս տարի մեր ռեսուրսները բավարարեցին ընդամենը 1 տեղամասում (13x12 մ) աշխատելու համար: Ամրոցից հարավ տեղակայված հատվածում շարունակեցինք պեղել Օձաբերդի բնակավայրի առաջին սենյակները: Այս կառույցները  թվագրվում են հետուրարտական ժամանակաշրջանով: Այս առումով բացված սենյակներն ունեն կարևոր նշանակություն: Հենվելով նաև նախորդ տարիներին արված պեղումների արդյունքների վրա` դրանք փաստում են, որ  եւ ամրոցում, եւ բլրին հարակից տարածքներում հետուրարտական շրջանում (Ք. ա. VI դարի վերջ -VI դարի առաջին կես) տեղաբնիկների կենսագործունեությունն ընթացել է զուգահեռաբար: Սենյակներից մեկում դրվեց ստուգողական փոսորակ, ինչի արդյունքում ֆիքսվեցին  մեկ այլ կառույցի հետքեր, որը մեր նախնական դիտարկումների համաձայն թվագրվում է ուշուրարտական ժամանակաշրջանով: Այսինքն՝ հետուրարտական շրջանի բնակավայրը կառուցվել է ուշուրարտական շերտի վրա: Սա մի ժամանակաշրջան է, երբ ձեւավորվում եւ բարձրանում էր Երվանդունիների հայկական թագավորությունը, ժամանակաշրջան, որը քիչ է ուսումնասիրվել»,-ներկայացրեց Միքայել Բադալյանը:  

Արշավախմբի կազմում են ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանող Արթուր Միքայելյանը, ճարտարապետ Հայկ Կյուրեղյանը, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներ Արման Եղիազարյանը եւ Նաիրա Խաչատրյանը, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի աշխատակից Աննա Նովիկովան, կավագործ Մարինա Լավրինյուկը, տնտեսագիտության թեկնածու Սարգիս Մանուկյանը, մանկավարժ Արփինե Այվազյանը  եւ դպրոցական Վահե Խեչումյանը: Արշավախմբի աշխատանքներին մեծապես նպաստել է լեհ հնագետ Մաթուշ Իսկրան` օգնելով իրականացն ել օդալուսանկարները: Որպես կամավորներ աշխատանքներին մասնակցել են նաև Գոռ Ասատրյանը, Մհեր Ուստյանը և Էդգար Նազարյանը:

Ըստ հնագետի՝ հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս 19-րդ դարի կեսերից ամրոցի բլրի արեւմտյան քարաժայռերից մեկին փորագրված արձանագրության հայտնաբերելուց հետո: Քսան տողից բաղկացած այդ արձանագրության տեքստում ուրարտական միապետ Ռուսա I-ը տարածաշրջանում իր նվաճողական արշավանքների համատեքստում հաղորդում է տեղում տարերքի աստծուն քաղաք կառուցելու մասին: 20-րդ դարի սկզբներին այստեղ Ե. Լալայանի կողմից պեղվել են մի քանի դամբարաններ: 1934թ. Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից: Սակայն հնագիտական աշխատանքները եւել են ընդամենը մեկ տարի, որոնց արդյունքները հրապարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Ըստ այդ հաղորդումների՝ 1934 թվականի հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական եւ վաղբրոնզեդարյան շերտեր: Օձաբերդից հարավ-արեւելք տեղակայված բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ:  1960-ական թվականներին Օձաբերդում չափագրումներ է կատարել Գ. Միքայելյանը, իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետադրություններ եւ չափագրումներ են իրականացվել Սեւանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշվախմբի կողմից: Արդյունքում՝ արվել է հուշարձանի տեղահանույթը,  կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է Վաղ բրոնզի շրջափուլից մինչեւ զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:

«Ուրարտացիների համար Օձաբերդը չափազանց կարոր դեր ուներ: Այն հենակետ էր, որը հսկում էր Սեւանի ավազանի հարավային կողմի երկայնքով տարածվող ամրոցների շղթան, Վայոց Ձորից դեպի Սեւանի ավազան տանող ճանապարհները: Այս համատեքստում չպետք է մոռանալ Սոթքի ոսկու հանքերի մասին: Օձաբերդն իր կարեւոր նշանակությունն ուներ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան գոտու կիկլոպյան ամրոցների համակարգում:

Հնագիտական աշխատանքները նախորդ տարի կենտրոնացվել էին երեք տեղամասերում՝ հնավայրի հարավարեւելյան հատվածում, միջնաբերդում, եւ  հուշարձանի հարավային հատվածում՝ բլրի ստորոտին: Պեղումներին մասնակցել են հայ, իտալացի, ռուս, ամերիկացի եւ լեհ մասնագետներ:

Արշավախմբի կողմից իրականացվել է Օձաբերդի տեղանքի  հանույթը եւ արվել են օդալուսանկարներ լեհ հնագետ Մատեուշ Իսկրայի կողմից: Իրականացված պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ Սեւանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց՝ ըստ որում՝ հուշարձան, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է տակավին քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ՝ առավել եւս Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան հատվածում: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում՝ փաստացի նյութի հիմա վրա ուսումնասիրել ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում: Անշուշտ, այստեղ խաչվել ու փոխառնչվել են տեղական եւ ուրարտական մշակույթները: Պեղումների ընթացքում հուշարձան են այցելել անվանի մասնագետներ, տուրիստական խմբեր, անհատներ: Այս կարեւոր պատմական հուշարձանի միջազգային հանրահռչակման համար մենք արել ենք նաեւ առաջին լուրջ քայլերը՝ ի թիվս այլ հնավայրերի Օձաբերդը ներկայացնելով Պերսեպոլիսում կազմակերպված միջազգային ցուցահանդես-գիտաժողովի ժամանակ»,-տեղեկացրեց արշավախմբի ղեկավարը:

Բացված սենյակները պատկերացում են տալիս հետուրարտական շրջանի բնակարանաշինության և կենսագործունեության մասին: Պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանի բնակավայրեր քիչ են պեղվել Հայկական լեռնաշխարհի տարածքում: Արշավախումբը նպատակ ունի Օձաբերդում հնագիտական ուսումնասիրությունները շարունակել նաեւ առաջիկա տարիների ընթացքում: «Եկող տարի նպատակ ունենք պեղել ամրոցի, բնակավայրի, ինչպես նաև ամրոցից հարավ-արևմուտք տեղակայված բլուրի տարածքում, որի գագաթին նկատվել են դամբարանների խցեր, իսկ ներքեւում, մինչեւ ստորոտը, երեւում են պատերի հետքեր: րա պեղումը բավականին հետաքրքիր նյութ կարող է տալ մեզ: Մենք ձգտելու ենք տարիների ընթացքում պեղումներ իրականացնել ամրոցում, միջնաբերդում, բնակավայրում եւ մոտակա դամբարաններում, որպեսզի կարողանանք հնարավորինս համակողմանիորեն հասկանալ այս բազմաշերտ հուշարձանի՝ հեռավոր դարերում թաղված  բազմաթիվ գաղտնիքները»,-նշեց արշավախմբի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank