Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել է 3185 զինծառայող
INTERNATIONAL NEWSԹուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող, 162 զինծառայող էլ գտնվում է փախուստի մեջ, որոնցից 9-ը` գեներալներ:
Այս մասին թուրք նախարարն ասել է թուրքական Haberturk հեռուստաալիքով ունեցած ելույթում:
Նա ասել է, որ փախուստի մեջ են նաեւ Թուրքիայի ԶՈւ երեք ռազմական կցորդներ, որոնք, ենթադրաբար, թաքնվում են Իտալիայում:
Նրա խոսքով` ծառայությունից հեռացված զինծառայողների մեծ մասը օդուժի զինծառայողներ են, եւ ներկայում աշխատանքներ են տարվում նրանց նոր անձնակազմով փոխարինելու ուղղությամբ:
Թուրք նախարարն ասել է, որ որոշում է ընդունվել մինչեւ սեպտեմբերի 15-ը Անկարայից եւ Ստամբուլից դուրս բերել եւ այլ վայրերում տեղակայել այդ քաղաքներում գտնվող զորամիավորումները:
Ֆիքրի Իշըքը նշել է, որ օրակարգում Թուրքիայի ԶՈւ-ն պայմանագրային հիմունքների անցնելու հարց առկա չէ:
Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազն էլ հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ, ինչպես նաև 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել է անձնակազմի մոտ 1,6 տոկոսը:



