Հայրերին փոխարինման եկող որդիների չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ Է հայտնվելու.«Հրապարակ»
SOCIETY«Մի արատավոր երևույթ է նկատվում պետական համակարգում՝ սերնդափոխություն, որտեղ գլխավոր չափանիշը ոչ թե մարդու կրթությունն ու պրոֆեսիոնալիզմն են, այլ այն, թե ում ժառանգն է թեկնածուն։ Պետական ապարատում աշխատող մեր զրուցակիցը նշում է, որ այս երևույթն արդեն անհանգստացնող չափերի է հասել. «Եթե մինչ օրս նրանց հայրերի ձեռքի տակ էինք աշխատում, հիմա որդիների ժամանակն է եկել։ Բայց եթե հայրերը հիմնականում հասարակ ընտանիքներից դուրս եկած, ժամանակին չինովնիկական բոլոր աստիճաններն անցած, մութ ու ցուրտ, հազար դժվարություն տեսած և որոշակի ճարպկություն, հմտություններ ունեցողներ էին, ապա սրանց որդիները, փեսաները պալատներում փափուկ ապրած, ըստ պահանջի վայելած ոսկի երիտասարդությունն են, որը ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ կյանքի դժվարություններն է իր մաշկի վրա զգացել, ոչ էլ փողոցում է կռվել-կոփվել։
Սրանց չինովնիկությունից երկիրն ավելի աղետալի վիճակի մեջ Է հայտնվելու»։ Նրանց մի մասն սկզբում ինչ-որ միջանկյալ պաշտոնի Է նշանակվում։ Ասենք՝ որևէ կառույցի փոխտնօրեն, վարչության պետ, ապա տեղափոխվում է ավելի բարձր պաշտոնի։ Մեկ օրինակ միայն բերենք. Հայաստանի թիվ մեկ «կեղծողի»՝ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի որդուն նախ տարան Ղարաբաղ՝ 2012-ին նշանակեցին արտադրական ենթակառուցվածքների նախարար, ապա՝ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, իսկ 2016-ի մարտին բերեցին Հայաստան՝ Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնի տնօրեն։ Կենտրոնը թեև էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում է, սակայն, մեր տեղեկություններով, ուղիղ աշխատում է վարչապետի հետ՝ շրջանցելով նախարարին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



