Ադրբեջանում 380 ընկերությունների ղեկավարներին երկրից ելքն արգելվել է
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի հարկերի նախարարությունը հրապարակել է հարկերից խուսափելու եւ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով երկրից ելքը ժամանակավորապես արգելված ընկերությունների ղեկավարների ցուցակը, որում նշվում են 380 ընկերությունների ղեկավարների անուններ:
Այս մասին հայտնում է fins.az լրատվական կայքը:
Նախարարության ներկայացրած ֆիզիկական անձանց ցուցակում արտասահմանցի 10 քաղաքացիներ էլ կան:
Այդ առնչությամբ Ադրբեջանի հարկերի նախարարությունից faktxeber.comկայքին պարզաբանել են, որ դա արվել է ադրբեջանական օրենսդրության համաձայն, եւ նշանակում է, որ մինչեւ ցուցակում նշված անձինք չվճարեն պետական հարկը, նրանց չի թույլատրվելու դուրս գալ երկրից:
Նախարարությունից հայտնել են, որ ցուցակում ընդգրկված անձանցից 290 հոգին ֆիզիկական, 90-ը` իրավաբանական անձինք են:
Azadliq.info-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում բանկերին պարտք 2,6 մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած մոտ 1,5 մլրդ մանաթ ծավալի հասնող վարկերը:
Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից:
Ադրբեջանի Ռիսկային փորձագետների խմբի ղեկավար Էլման Սադըգովը report.az-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ադրբեջանի տնտեսության նորմալ զարգացման համար վարկային ռեսուրսների պահանջը կազմում է 15-20 մլրդ մանաթ` նշելով, որ Ադրբեջանի ռեալ հատվածը վարկավորման խիստ կարիք ունի:
Անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկում սկսվելուց հետո հիմնականում էներգառեսուրսների արտահանումից կախված Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ:



