Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից
INTERNATIONAL NEWSԹուրքիան չեղարկել է կրթության ոլորտում աշխատող 27,424 հազար աշխատակիցների աշխատանքի թույլատրությունը:
Այս մասին վկայակոչելով Reuters գործակալությունը, այսօր հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը:
Ավելի վաղ ասվում էր, որ աշխատանքից հեռացվել են կրթության ոլորտի 15,2 հազար աշխատակիցներ:
«Զուգահեռ պետական կառույցի» դեմ պայքարի շրջանակում ուսումնական հաստատություններում եւ դպրոցներում աշխատող 27 424 աշխատակիցների աշխատանքի թույլտվությունը չեղյալ է հայտարարվել», -ասել է թուրք նախարարը` պարզաբանելով, որ այդ մարդկանց թույլ չի տրվելու աշխատել պետական կամ մասնավոր կրթական հաստատություններում:
«Զուգահեռ կառույցը» եզրույթը թուրքական չինովնիկների կողմից օգտագործվում է պետական հաստատություններում չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդներին նշելու համար: Գյուլենին Անկարան մեղադրում է Թուրքիայում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:
Ալան հավելել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ:
Թուրք նախարարը նշել է, որ 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:
Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 190 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ գտնվում են որոնման մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:
Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:



