Գերմանիայում իսլամական քարոզիչներին կասկածել են ԻՊ-ի հետ կապերի մեջ
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի իրավապահ մարմինները խուզարկություն են անցկացրել իսլամական երեք քարոզչի տներում: Երեքն էլ ոստիկանության տեսադաշտում են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածի պատճառով, հայտնում է dpa-ն:
Անվտանգության մարմինները ենթադրում են, որ քարոզիչները արմատականացնում են երիտասարդ մահմեդականներին եւ նրանց հավաքագրում են Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ոստիկանական շրջայցներ եւ խուզարկություններ են իրականացվել Դյուսելդորֆում, Դույսբուրգում եւ Ստորին Հռենոսում գտնվող Թյոնիսֆորստ քաղաքում:
Դույսբուրգ քաղաքում խուզարկություն է իրականացվել իսլամական քարոզչի տանը եւ գրասենյակում, որի նկատմամբ իրավապահները վերահսկողություն էին սահմանել քարոզչին սալաֆիտական շարժման հետեւորդների հետ կապերի մեջ կասկածելու պատճառով: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա հարաբերություններ է պահպանել երկու ենթադրյալ հանցագործի հետ, որոնք նախատեսել էին 2016-ի ապրիլին պայթյուն կազմակերպել գերմանական Էսսեն քաղաքի սիկհական տաճարում: Եվս մի քարոզիչ կասկածվում է ԻՊ-ին ֆինանսական եւ կազմակերպչական աջակցության համար:



