Մորն ասել էին, թե գնում են խաղալու. Հրազդանում խեղդված երեխաները եղբայրներ էին
SOCIETYԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում օգոստոսի 9-ին խեղդված անչափահաս տղաները եղբայրներ էին:
Երեխաների տունը գտնվում է Ախպուրակ լճի ափին: Նրանք, հարազատների պատմելով, մորը չեն ասել, որ գնում են լողալու, այլ ասել են, թե խաղալու են գնում: Հարազատները մի քանի ժամ անց սկսել են տղաներին որոնել եւ երեք ժամ անց նրանց հագուստները գտել են լճի մոտ: Երեխաներին լճի մեջ խեղդված են գտել, իրար փաթաթված: Հարազատները ենթադրում են, որ տղաներից մեկը խեղդվելիս է եղել, երբ մյուսը նետվել է նրան օգնելու եւ նույնպես խեղդվել է: Խեղդված տղաները քույր ունեն, որն ամուսնացած է, հայրն էլ Հայաստանում չէ:
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպուրակ լճի մոտակայքում երեխայի հագուստ կա: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 տան մոտակայքում՝ Ախպուրակ լճում, ջրահեղձ էին եղել 2001 թվականին ծնված Ա. եւ 2004 թվականին ծնված Ա. Ա.-ները: Ժամը 22:46-ին ջրափրկարարներն ափից շուրջ 3 մետր հեռավորությամբ դուրս էին բերել երեխաների դիերը:



