Գերմանիայում դեպի Թուրքիա արտահանման ծավալների անկում են կանխատեսում
INTERNATIONAL NEWSԳերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորումը (DIHK) մտավախություն ունի, որ պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները բացասաբար կազդեն այդ երկիր գերմանական արտահանման վրա, հայտնում է DW-ն:
Գերմանիայի առեւտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորման արտաքին տնտեսական բաժանմունքի ղեկավար Ֆոլկեր Թրայերը հայտնել է, որ DIHK-ն հույս ուներ այս տարի 5-10 տոկոսով ավելացնել Թուրքիա արտահանման ծավալը: «Սակայն հիասթափություն եղավ, եւ այժմ մենք լավագույն դեպքում արտահանման ծավալների պահպանման հույս ունենք»:
2015-ին Գերմանիան Թուրքիային 22,4 մլրդ եվրոյի ապրանքներ եւ ծառայություններ է տրամադրել: Թրայերի խոսքով, ինքը հաջողություն կհամարի, եթե այս գումարը պահպանվի 2016 թվականին: «Ներկայումս Թուրքիայում ահաբեկչական հարձակումների եւ քաղաքական անկայունության վտանգը գերմանացի գործարարների մոտ անվստահություն է առաջացնում: Նախագծեր են սառեցվում, մի շարք ֆիրմաներ առայժմ սպասում են, գերմանական կապիտալը դուրս է գալիս թուրքական շուկայից», - բողոքում է Թրայերը:
Թուրքիան Գերմանիայից ավտոմեքենաների եւ պահեստամասերի խոշորագույն գնորդներից է, թուրքական շուկայում մեծ պահանջարկ է վայելում գերմանական մեքենաշինական, քիմիական եւ տեքստիլ արդյունաբերության արտադրանքը:



