Պան Գի Մունը կարեւորել է ՄԱԿ-ի աշխատանքն ավելի թափանցիկ ու արդյունավետ դարձնելը
INTERNATIONAL NEWSՄիավորված ազգերի կազմակերպության աշխատանքն անհրաժեշտ է դարձնել ավելի թափանցիկ ու արդյունավետ: Այս կարծիքը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ելույթ ունենալով Բուենոս Այրեսի խորհրդաժողովում, որը կազմակերպել էր Արգենտինայի Միջազգային հարաբերությունների խորհուրդը:
«Ես հուսով եմ, որ կազմակերպությունը կկարողանա դառնալ ավելի արդյունավետ ու արգասաբեր: Տասը տարվա ընթացքում ես բոլոր ջանքերը գործադրել եմ, որպեսզի հասնեմ իրական փոփոխությունների, որպեսզի ՄԱԿ-ն ավելի թափանցիկ դառնա»,- ասել է նա: «Հարկավոր է շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Ներկայում գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը կազատվի 2017 թվականի հունվարի 1-ին, հավակնում է 11 մարդ, որոնց թվում կան պետությունների նախկին ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի գործող ու նախկին նախարարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



