PKK-ն կշարունակի քրդերի ազատագրական պայքարը. քուրդ առաջնորդ
INTERNATIONAL NEWSՔրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւ համարվող Քրդական համայնքների միության (KCK) համանախագահ Ջեմիլ Բայըքը հայտարարել է, որ PKK-ն այսուհետեւ եւս շարունակելու է քրդերի ազատագրական պայքարը Թուրքիայում:
Թուրքական haber.sol.org.tr կայքի հետ զրույցում նշելով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը չի կարող խանգարել իրենց պայքարին, Բայըքն ասել է, որ PKK-ի գործողությունները թուրքական ուժերի դեմ այսուհետ ընթանալու են ոչ միայն լեռնային, այլ նաեւ բնակելի գոտիներում:
«Պատերազմն այսուհետ ընթանալու է ոչ միայն սարերում, այլեւ` հարթավայրերում: Գործողություններն ընթանում եւ ընթանալու են մեծ բնակավայրերում», -նշել է նա:
Քուրդ զինյալ առաջնորդն ասել է, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը նոր փուլ է: Նա զգուշացրել է, որ քաղաքներում ծառայություն իրականացնող թուրքական ուժայինները չեն կարող նախկինի պես հանգիստ մնալ, քանի որ KCK-ի զինյալները դիմելու են «որ եւ ավելի արդյունավետ» գործողությունների:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից վերջերս հրապարակված հետախուզվող «ահաբեկիչների» անվանացանկում, բացի Բայըքից ներառված է նաեւ չափավոր իսլամի թուրք հայտնի քարոզիչ, ԱՄՆ-ում վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենի անունը եւս, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
PKK-ն Թուրքիայում քրդերի ազատագրական պայքարը սկսել է 1980-ական թվականներից: Մինչ այժմ քրդերի եւ թուրքական ուժայինների միջեւ ռազմական բախումներում սպանվել է 50 հազարից ավելի մարդ: Թուրքիայի տնտեսությունն այդ պատճառով մինչ այժմ տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:



