Բողոքի ակցիա «Կիսաբաց լուսամուտների» թողարկումների կապակցությամբ
SOCIETYՎաղը՝ օգոստոսի 9-ին, «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության շենքի դիմաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել` ի նշան Հրաչ Մուրադյանի հեղինակային «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման կողմից ոչ ճիշտ մատուցվող թողարկումների առաջացրած հետեւանքների կապակցության:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» մասնավորապես անդրադարձել է հուլիսի 8-ին Երեւանում տեղի ունեցած արյունալի մի սպանության, երբ մի ողջ ընտանիք է կացնահարվել եւ որի մայրը զոհ է գնացել փեսայի հերթական հարձակմանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից» հայտնում են, որ դեպքից մի քանի ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը եւ բռնարար հորը՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էր ամեն գնով վերականգնել ընտանիքն ու միանալ կնոջ հետ:
«Էժանագին շոուներով եթերը լցնող հաղորդաշարի պատասխանատուները ամենեւին չեն գիտակցում, որ նման հոգեկերտվածքի մարդիկ ամեն խրախուսանքից մոտիվացվում ու նոր դրսեւորումներով են ցուցաբերում իրենց բռնարար վարքը: Այսպիսով, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլեւ մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաեւ «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բողոքի ակցիային միացող անդամ կազմակերպություններն են. «Կանանց ռեսուրսային կենտրոն» «Հասարակություն առանց բռնության» «Կանանց իրավունքների կենտրոն» «Կանանց աջակցման կենտրոն» «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք»
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»
«Իրական աշխարհ, իրական մարդիկ»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



