Վթարի զոհ դարձած 18-ամյա զինծառայող Դավիթն օրերս պիտի արձակուրդ գար. սրտատրոփ սպասում էին
SOCIETYՎեց ամիս առաջ բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 18-ամյա Դավիթ Սաֆարյանը, որն օգոստոսի 5-ին դիրքեր բարձրանալիս վթարի է ենթարկվել եւ մահացել, ընտանիքի միակ որդին էր: Նա հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Տավուշի մարզում:
Վերջին օրերին ընտանիքը սրտատրոփ սպասում էր զինվոր որդու արձակուրդին: Դավիթի ընկերները նույնպես ցնցված էին նրա մահվան լուրից, որոնք բակում հավաքված հիշում էին իրենց վերջին զրույցները ընկերոջ հետ ու ափսոսում, որ նա ավելի վաղ արձակուրդի հնարավորությունից չօգտվեց:
Ընկերները կցկտուր տեղեկություն ունեին դեպքի մասին: Լսել էին` վթարը տեղի է ունեցել դիրքեր բարձրանալու ճանապարհին, ավելին չգիտեին: «Դավիթը ընկերասեր, խելացի, տղա էր, պատրաստ էր սիրտը տալ, որ իր ընկերն ապրի: Իր համար ավելի կարեւոր էր կողքի մարդկանց, ընկերների կյանքը, քան իրենը: Իրենից միայն լավն ենք տեսել: Իր հետ հաճախ էինք խոսում, շատ գոհ էր ծառայությունից, երբեք չէր բողոքում: Սպասում էինք, որ արձակուրդ պիտի գար, էն էլ չհասցրեց…»,-ցավով ասացին ընկերները։
Նշենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն`օգոստոսի 5-ին ժամը 11:15-ին «ԳԱԶ 33081» մակնիշի մեքենան ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։



