ՀՀ ոստիկանությունը հերքում է ծառայող Գագիկ Զոհրաբյանի կողմից բռնություններ կատարելու տեղեկատվությունը
SOCIETYՀՀ ոստիկանությունը հերքում է մի շարք լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ՀՀ ոստիկանության ծառայող Գագիկ Զոհրաբյանը քաղաքացիական հագուստով մասնակցություն է ունեցել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին և իբր բռնություններ կատարել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ ընթացող ծառայողական քննության շրջանակներում, մինչ այս պահը առկա նախնական արդյունքներով չի պարզվել գոնե մի դեպք, որ Գագիկ Զոհրաբյանը կատարած լինի բռնություններ:
Բացի այդ, Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ՀՀ ոստիկանության պետի ցուցումով, որպես օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման աշխատակից կատարել է իր ծառայողական պարտականությունները, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություններ գործադրելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ: Այդ օրը բռնություն է գործադրվել նաև Գ. Զոհրաբյանի նկատմամբ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Գ. Զոհրաբյանը որևէ առնչություն չունի լրագրող Թեհմինե Ենոքյանի ֆեյսբուքյան էջում «ոմն Պավել Սասունյանի» դրսևորած խուլիգանական վարքագծի հետ:
Նկատի ունենալով, որ հայտնի դեպքերի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացվում է քրեական գործով քննություն, իսկ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այլ տեղեկություններ կհրապարակվեն դրանց ավարտից հետո»:



