Թուրքիայում աշխատանքից ազատել են 140 գիտնականների
INTERNATIONAL NEWSԹուրքիայի գիտական արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլուն հայտարարել է, որ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով երկրի Գիտատեխնիկական հետազոտությունների ինստիտուտից (TUBIKAT) 139 գիտնական աշխատակիցներ ազատվել են:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ բացի այդ, 28 աշխատակիցներ էլ հրաժարական են տվել իրենց պաշտոններից:
Թուրքիայի իրավապահ մարմինները Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակում օգոստոսի 3-ին գործողություններ են անցկացրել TUBIKAT-ում, որում ընդհանուր թվով 4 հազար 500 մարդ է աշխատում:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հայաթի Յազըջըն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱԶԿ-ի կենտրոնական ապարատը եւ տարածաշրջանային բաժանմունքները զտումների կենթարկվեն չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներից` նշելով, որ ինչի վերաբերյալ շրջաբերական է ստորագրել:
«Անատոլու» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային, հաղորդել է, որ հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, որի կազմակերպման մեջ Անկարան մեղադրում Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, Թուրքիայում ձերբակալվել է մոտ 26 հազար մարդ: Ներկայում կալանման մեջ են գտնվում 13 419 կասկածյալներ, 74562 քաղաքացու անձնագիր չեղյալ է հայտարարվել:
Պաշտոնական տվյալներով` Թուրքիայում հեղաշրջման փորձի ճնշման ժամանակ սպանվել է 238 մարդ, 2917 մարդ վնասվածքներ է ստացել: Մոտ 60 հազար մարդ պաշտոնից հեռացվել է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով, որոնց Անկարան ահաբեկիչներ է համարում:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:



