«Որդուս վրա հարձակումը հստակ առաջադրանք է եղել». Կարեն Աղլամազյան
SOCIETYԵրեկ գիշեր երեք անծանոթների կողմից ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը դուրս է գրվել Էրեբունի հիվանդանոցից եւ այս պահին գտնվում է տանը: Բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար ու համակարգչային տոմոգրաֆիայից հետո տուն են ուղարկել: Որդու առողջական վիճակի մասին Past.am-ին պատմեց հայրը՝ Կարեն Աղլամազյանը:
«Որդիս տանը պառկած է հիմա, եւ միջադեպի հետ կապված` այս պահին ոստիկաններ կան մեր տանը»,- տեղեկացրեց մեզ նա:
Մեր այն հարցին, թե ինչ վնասվածքներ ունի որդին, Կարեն Աղլամազյանը պատասխանեց. «Եթե մարդուն գետնին գցեն եւ ոտքերով ու ձեռքերով ամենուրեք խփեն, ի՞նչ պիտի լինի»:
Էրեբունու բժիշկներն առաջին զննությամբ ասել են, որ ջարդվածքներ չեն տեսնում, բայց գլխի համակարգչային տոմոգրաֆիան եւ մարմնի ուլտրաձայնային հետազոտությունը հստակ պատասխան կտան: Հիմա նա պատրաստվում էր գնալ հիվանդանոց՝ պատասխանն իմանալու: Հարություն Աղլամազյանի հայրը նաեւ նշեց, որ երբ որդուն տեղափոխել են հիվանդանոց, այնտեղ ավելի շատ ոստիկան կար, քան բժիշկ:
«Քաղաքացիական հագուստով մարդիկ են մոտեցել ինձ, սկսել դեպքի հետ կապված հարցեր տալ: Ես ասում եմ՝ ա´յ ախպեր, դու ո՞վ ես, ասում ա` ոստիկան եմ»,- հայտնեց նա: Վերջինս գրեթե համոզված է, որ այս հարձակումը հստակ առաջադրանք է եղել: «Իմ կարծիքով` սա ուղղորդված բան էր: Իմ տղան առհասարակ կռիվների մեջ չի մտնում, ծրագրավորող է»,- հավելեց տուժածի հայրը:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր «Հիմնադիր խորհրադարանը» հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի՝ իր տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման եւ դաժան ծեծի ենթարկվելու մասին:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



