Կողբում հորը կրակոցով սպանած երիտասարդը հոգեկան խնդիրներ է ունեցել. համագյուղացի
SOCIETYNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում այսօր՝ օգոստոսի 4-ի առավոտյան, տեղի ունեցած ողբերգության պահին տանն են եղել նաեւ ընտանիքի մայրն ու դուստրը: NEWS.am-ի հետ զրույցում Կողբի գյուղապետարանից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6:00-ին՝ հոր եւ որդու միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ժամանակ էլ 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանով կրակել է հոր վրա:
Գյուղապետարանից նաեւ հայտնեցին, որ Սարո Աբգարյանը հոգեկան խնդիրներ է ունեցել եւ գրանցված է եղել հոգեբուժարանում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանից կրակ է բացել հարազատ հոր՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանի վրա, որի հետեւանքով նա մահացել է:
Գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, վախեցել են եւ տուն մտել: Նրանք ահազանգել ոստիկանություն, որից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Սարո Աբգարյանին:



