Իսրայելը, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել. Ալեքսանդր Ցինկեր
INTERNATIONAL NEWSԻսրայելի Կնեսետի նախկինպատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանականբարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի համոզմամբ՝ հնարավոր է հասնել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ է լուրջ աշխատանք տանել:
«Վերջին տարիներին արդեն 3-րդ անգամն է, ինչ Իսրայելի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Նախկինում այն միշտ մնում էր հանձնաժողովներում՝ չստանալով հետագա ընթացք, սակայն այժմ չանցած մեկ ամիս՝ հանձնաժողովը քննարկում է այն եւ որոշում կայացնում ճանաչել 1915 թվականի սպանդը որպես ցեղասպանություն: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի հանձնաժողովի կողմից ընդունված այդ բանաձեւի քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում»,- նշեց Ալեքսանդր Ցինկերը:
Նրա խոսքով՝ գործընթացի այս փուլն անչափ կարեւոր է, եւ անհրաժեշտ է պատշաճ կերպով նախապատրաստվել հետագա աշխատանքներին:
«Պետք է ոչ միայն հստակ աշխատանք տանել խորհրդարանի պատգամավորների, այլեւ հենց իսրայելական հասարակության շրջանում: Այժմ բարենպաստ իրավիճակ է ստեղծվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ավելի ինտենսիվ լոբբինգ իրականացնելու համար, հատկապես երբ անցկացված սոցհարցումները միանշանակ վկայում են այս հարցում Իսրայելի քաղաքացիների աջակցության մասին: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի կառավարությունը պետք է իրոք աջակցի Իսրայելի հասարակական կազմակերպություններին, ովքեր ինքնուրույն փորձում են իրազեկել քաղաքացիներին հայ ժողովրդի ո ղբերգության մասին»,-ասաց նա:
Նախկին պատգամավորն առաջարկում է այդ նպատակով անցկացնել բանավեճեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ եւ երիտասարդական ֆլեշմոբեր:
«Այս պարագայում անհրաժեշտ է նպատակների իրագործման հստակ նախագիծ եւ փաստաթուղթ, քանի որ միայն հանրության գործունեությունը բավարար չէ: Չպետք է նստել եւ սպասել, որ հարցն ինքնուրույն կլուծվի: Գաղտնիք չէ, որ այս որոշումը պայմանավորված չէ միայն բուն խնդրով: Այստեղ միանշանակ առկա են նաեւ տարածաշրջանային քաղաքականության հարցեր: Վերոնշյալ միջոցառումների անցկացումը, բնականաբար, ժամանակատար է, սակայն այդպես ավելի լավ է, քանի որ այս ժամանակահատվածում Իսրայելի ղեկավարները կհասցնեն եւս մեկ անգամ բացահայտել Թուրքիայի իրական դեմքը: Նրանք պ ետք է հասկանան, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, եւ ոչ մի քաղաքական շահ չի կարող ստվեր գցել Օսմանյան Թուրքիայի կողմից մի ամբողջ ժողովրդի վերացնելու փորձի վրա»,-եզրափակեց Ալեքսանդր Ցինկերը:
Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը: Քննարկման արդյունքում Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկվեց Կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողով:
Օգոստոսի 1-ին հանձնաժողովը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:



