Հոնկոնգում մոլեգնում Է «Նիդա» թայֆունը, փակվել են դպրոցներն ու գրասենյակները
INTERNATIONAL NEWS«Նիդա» խաղաղօվկիանոսյան թայֆունը հարվածել Է Հոնկոնգին՝ կաթվածահար անելով մեգապոլիսի կյանքը: Վատ եղանակի պատճառով օգոստոսի 2-ին այստեղ փակ են դպրոցները, պետական հիմնարկությունները, բանկերը եւ գրասենյակները: Առավոտյան սակարկություններ չեն անցկացվում ֆոնդային սակարանում:
Անցած գիշեր քաղաքում մոլեգնել են արեւադարձային տեղատարափ անձրեւներն ու փոթորկալի քամին՝ ժամում մինչեւ 158 կիլոմետր պառթկումներով: Տեղական դիտարանը հայտարարել Է փոթորկի նախազգուշացման 8-րդ ազդանշանը՝ ըստ տասբալանոց սանդղակի:
Չեկ Լապ Կոկ միջազգային օդանավակայանում չեղարկվել են 156 եւ հետաձգվել եւս 290 ավիաչվերթեր: Սաստիկ ալեկոծության պատճառով դադարեցված Է լաստանավային հաղորդակցությունը, այդ թվում՝ Մակաոյի եւ մայրցամաքային Չինաստանի ափամերձ քաղաքների հետ: Ըստ Հոնկոնգի հեռուստատեսության հաղորդման՝ փոթորկալի քամին տապալել Է տասնյակ ծառեր, պոկել գովազդային վահաններ: Տուժածներ չկան:
Ներկայում արեւադարձային ցիկլոնն աստիճանաբար հեռանում Է Հոնկոնգից՝ շարժվելով հյուսիս-արեւմտյան ուղղությամբ դեպի Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի խորքը: Գուանդունում հայտարարվել Է հեղեղման վտանգի ամենաբարձր մակարդակը, փակ են դպրոցները, չեն աշխատում արդյունաբերական ձեռնարկությունները: Բնակչությանը պատվիրված Է անհրաժեշտ ամեն ինչի երեք օրվա պաշար տեսնել եւ դուրս չգալ փողոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



