Կրեմլը պատասխանել է ԻՊ-ի սպառնալիքներին
INTERNATIONAL NEWSՄոսկվան անհրաժեշտ ուշադրությամբ կվերաբերվի այն սպառնալիքներին, որոնք հնչեցվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեսահոլովակում: Այդ մասին երկուշաբթի` օգոստոսի 1-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Lenta-ն:
«Նման հրապարակումները հաշվի են առնվում հատուկ ծառայությունների կողմից, որոնք պատասխանատու են հակաահաբեկչական աշխատանքի եւ անվտանգության ապահովման համար: Հավանաբար անհրաժեշտ միջոցները ձեռք են առնվում Պաշտպանության նախարարության գծով` Սիրիայում ռուսական ՌՏՈՒ-ի գործողությունների իրականացման ընթացքում», — հայտնել է Պեսկովը: Նա նաեւ նշել է, որ նման սպառնալիքներն ի վիճակի չեն ազդել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Ռուսաստանի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետեւողական քաղաքականության վրա, որը կշարունակվի բոլոր ուղղություններով:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ չարժե չափազանցնել նման սպառնալիքները: «Անկասկած ահաբեկչական խմբավորումները, այն չափով, որ չափով նրանց դեմ պայքար է մղվում եւ տեղ-տեղ նրանց «պոչը սեղմում են», ահաբեկման քաղաքականություն են իրականացնում, դա նորմալ քաղաքականություն է եւ չարժե դրան ձեւախեղված եղանակով վերաբերվել: Միաժամանակ անհրաժեշտ է նախազգուշական միջոցներ ձեռք առնել», — հայտնել է Պեսկովը:
Ինը րոպեանոց տեսահոլովակում, որը թողարկվել է կիրակի` հուլիսի 31-ին, անապատում նախապատրաստական ճամբարի ահաբեկիչը դիմում է Ռուսաստանի նախագահին եւ հայտնում է, որ ռուսաստանցիներին սպանելու են իրենց տներում:



