Բակո Սահակյանը ծանոթացել է թալիշցիների համար բնակարանների կառուցման ընթացքին
POLITICSԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին այցելել է Մարտակերտի շրջան:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը ծանոթացել է շրջանում իրականացվող ճանապարհների և հիդրոէլեկտրակայանների շինարարական աշխատանքներին:
Նախագահն այցելել է նաև Ալաշան տեղամաս և տեղում ծանոթացել սույն թվականի ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների համար բնակարանների կառուցման աշխատանքներին: Նախագահը նշել է, որ պետությունը անելու է հնարավորը պատերազմի հետևանքները վերացնելու համար:
Այնուհետև Պողոսագոմեր գյուղում նախագահը հանդիպում է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել բնակավայրի կենսագործունեությանն առնչվող հարցերին:
Նույն օրը Վանք գյուղում Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն Մարտակերտի շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այսուհետ էլ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի շրջանի գյուղատնտեսության ոլորտը զարգանա բարձր և կայուն տեմպերով:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:



