«Մի բան ունեինք՝ մամուլի հանդեպ վերաբերմունքը, որով հպարտանում էինք որոշ ժամանակ». Աստղիկ Գևորգյանը դատապարտում է
INTERVIEW
Ինչպես հայտնի է, Սարի թաղում ցուցարարների և ոստիկանների բախումը լուսաբանող շատ լրագրողներ հայտնվել են տուժողի կարգավիճակում: Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Հովհաննես Մովսիսյանն ու Կարլեն Ասլանյանը:
Պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել 1in.am-ի լրագրող Մարիամ Գևորգյանը, իսկ օպերատոր Դավիթ Հարությունյանը ծեծի է ենթարկվել, ջարդվել է վերջինիս տեսախցիկը: Նա պայթյունից ստացել է ոտքի վնասվածք: «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը ծեծի են ենթարկվել: Lragir.am-ի օպերատորի ոտքին հարվածել են մահակով: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Տուժողների մեջ են նաև Panorama.am-ի և ռուսական Lifenews հեռուստաընկերության օպերատորները:
Past.am-ի հետ զրույցում Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը: Ըստ նրա՝ դա աններելի վերաբերմունք է: «Մի բան ունեինք՝ մամուլի հանդեպ վերաբերմունքը, որով հպարտանում էինք որոշ ժամանակ, դա էլ չկա: Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը»,- նշեց Ժուռնալիստների միության ղեկավարը:
Մեր հարցին՝ իսկ կանե՞ն դատապարտող հայտարություն, տիկին Գևորգյանը պատասխանեց, որ հիմա քաղաքում չէ, բայց երկուշաբթի կփորձի հրավիրել խորհրդակցություն:
Լևոն Փանոսյան




















































