Հայաստանում ռուսական ռազմաբազայի մոտոհրաձիգները կրակային վարժանքներ են սկսել
SOCIETYՀայաստանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային ստորաբաժանումը հետեւակի մարտական մեքենաների ներգրավմամբ սկսել է հրաձգության մարտավարական կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրեցին Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի լրատվական ծառայությունից: Վարժանքներն անցկացվում են «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում, մասնակցում է ավելի քան 1500 մոտոհրաձիգ: Վարժանքները կանցկացվեն մեկ ամիս, շոգ պայմաններում` ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձրության վրա:
Վարժանքների մեկնարկից առաջ զինծառայողների համար երկու ամիս անցկացվել են նախապատրաստական աշխատանքներ մի քանի ուղղություններով` մարտավարական հատուկ կրակային պատրաստվածություն, միայնակ կարգով մեքենավարում, մարտական հրաձգություն` նռնականետերով և ռազմական այլ տեխնիկայով: Թիրախավորելով պայմանական հակառակորդին` զինծառայողները հարձակման դիրքերից խոցում են «տանկ», «հետեւակի մարտական մեքենա», «ուղղաթիռ», «հետեւակի խումբ» եւ «զրահամեքենա» և այլն:



