Գերմանիայում հարձակում ծրագրած դեռահաս է ձերբակալվել
SOCIETYԳերմանիայի իշխանությունները հաղորդել են 15-ամյա պատանու ձերբակալության մասին, որին կասկածում են Շտուտգարդում հարձակում ծրագրելու մեջ:
BBC-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ենթադրում է, որ դեռահասը (անունը չի հրապարակվում) կապ է ունեցել Մյունխենի առեւտրի կենտրոնում հարձակման ժամանակ 9 մարդու սպանած 18-ամյա Ալի Դավիդ Սոնբոլիի հետ:
Դեռահասի բնակարանում փոքր տրամաչափի փամփուշտներ են հայտնաբերել, մի քանի դանակ եւ դաշույն, ինչպես նաեւ քիմիկատներ եւ պայթուցիկներ պատրաստելու հրահանգներ:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ հարցաքննության ժամանակ պատանին խոստովանել է, որ տառապել է դպրոցում ունեցած խնդիրների պատճառով, սակայն ի վերջո հրաժարվել է հարձակման ծրագրերից:
Իսկ հուլիսի 22-ին 18-ամյա պատանին հրաձգություն էր իրականացրել Մյունխենի առեւտրի կենտրոններից մեկում: Հարձակման հետեւանքով 9 մարդ է զոհվել, 16-ը՝ վիրավորվել, իսկ հարձակվողն ինքնասպան է եղել:



