Իրանի ԱԳ փոխնախարարն առաջընթաց է նկատում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում
SOCIETYԻրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացում առաջընթաց նկատվում է, սակայն այն շատ դանդաղ է ընթանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Վիեննայում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արագչին:
«Միջուկային ծրագրի շուրջ համաձայնության համատեղ պլանի մշակման աշխատանքներն ընթանում են հաջողությամբ, սակայն դանդաղ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալը՝ միջուկային ծրագրի շուրջ վեցյակի երկրների ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:
Վիեննայում բանակցությունները կշարունակեն Իրանի և Եվրամիության փորձագիտական խմբերը, որոնք կքննարկեն ապագա համաձայնության հասնելու հետ կապված տեխնիկական հարցերը:
Ակնկալվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընդլայնված կազմով բանակցությունների հերթական փուլը կմեկնարկի արդեն հաջորդ շաբաթ:
Կողմերը ձգտում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հասնել համաձայնության, որը պետք է ստորագրվի մինչև այս տարվա հուլիսի 1-ը:



