Աշոտ Ահարոնյանը հերքում է լուրերը, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները
SOCIETYՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքում է լուրերն այն մասին, թե Սևանի ոստիկանությունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Համացանցում ապատեղեկատվություն է տարածվել, թե Սևանի ոստիկանութ յունը հրաժարվել է կատարել ծառայողական պարտականությունները:Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բոլոր ծառայողները հստակ և լիարժեք կատարում են իրենց պարտականությունները: Նման անհեթեթություններ տարածողներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակը լարելու անմաքուր մտայնությունից ու թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»:
Ավելի վաղ Ահարոնյանը նաև հայտարարել էր, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և առանձին խմբեր վերջին օրերին ՊՊԾ գնդի տարածքում և դրա շուրջ կատարվող իրադարձությունների վերաբերյալ պարբերաբար տարածում են տեղեկություններ, որոնք կապ չունեն իրականության հետ:
«Հիշյալ անձանց և խմբերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և իրավիճակի արհեստական լարվածություն չհրահրել: Զանգվածային լրատվության միջոցներին և համացանցի մյուս օգտատերերին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման անհիմն տեղեկատվությունից և անհրաժեշտության դեպքում դիմել պատկան մարմիններին՝ լուրի իսկությունը ճշտելու և հանրությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելու համար»,-նշել էր նա:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետԱրթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ ԱրամՀովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:



