Էրդողանը խտրական վերաբերմունք է ցուցաբերել Դեմիրթաշի և նրա քրդական կուսակցության հանդեպ
INTERNATIONAL NEWSԹուրքիայում հուլիսի 25-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխանություններին սատարելու համար «երախտագիտություն» հայտնելու համար նախագահական պալատում հանդիպման է հրավիրել թուրքական խորհրդարանում ընդդիմադիր երեք կուսակցություններից միայն երկուսի` Ժողովրդահանրապետական (ԺՀԿ) եւ Ազգայնական շարժում (ԱՇԿ) կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին՝ չհրավիրելով թուրքական խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող երրորդ ընդդիմադիր կուսակցության ղեկավարին` քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշին:
Վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, ԺԴԿ առաջնորդ Դեմիրթաշը Էրդողանի այդ մոտեցումն անվանել է «քաղաքականությունից ԺԴԿ-ին օտարելու անմիտ քայլ»:
«Հեղաշրջման գործողությունից հետո` Թուրքիայում 6 մլն քաղաքացիների կողմից խորհրդարան ընտրված ԺԴԿ-ի օտարումը եւ քրդական կուսակցության նկատմամբ նման խտրականության դրսեւորման շարունակությունն անխոհեմություն եւ անմտություն է», - թուրքական ԶԼՄ-ներին ասել է Դեմիրթաշը:
Սալահեթդին Դեմիրթաշը հայտարարել է, որ «Թուրքիայում ժողովրդավարության բանալին ԺԴԿ-ն է, ԺԴԿ-ն ներկայացնող հասարակական շերտերն են» :
ԺԴԿ առաջնորդը հիշեցրել է, որ քրդական կուսակցությունը ռազմական հեղաշրջման առաջին իսկ գիշերն այդ գործողության դեմ հստակ դիրքորոշում արտահայտած առաջին կուսակցություն է: Նա նաեւ հավելել է, որ թուրքական կառավարությունը երկրում քրդական խնդիրը դեմոկրատական ճանապարհով լուծելու փոխարեն, այն հանձնրարել է լուծել զինվորականությանը, բանակին:
Ռազմական հեղաշրջման հետ կապված իշխանություններին սատարելու համար Էրդողանն այսօր նախագահական պալատ «շնորհակալական» հանդիպման է հրավիրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ԺՀԿ-ի եւ ԱՇԿ-ի ղեկավարներին:



