Լրագրողներն արդեն 40 րոպե է ՊՊԾ գնդի տարածքում են. «Սասնա ծռերը» ասուլիս են տալիս
SOCIETYԱրդեն 40 րապերից ավելի է, որ լրագրողները մուտք են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, որտեղ չեզոք գոտում մամուլի ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես են գալիս «Սասնա ծռեր» խմբի անդամները:
Լրագրողները Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ ոստիկանական 4 մեքենաներով ուղևորվել են դեպի գրավված ՊՊԾ գնդի տարածք:
Լրագրողներին արգելվել է ասուլիսին մասնակցել համակարգիչներով ու հեռախոսներով: Ներսում ստուգել են նրանց եւ վերցրել բոլոր կապի միջոցները: Լրագրողների ձեռքին կան միայն տեսախցիկներ:
Նշենք, որ այսօր արդեն 7-րդ օր է, ինչ «Սանսա ծռեր» խմբի անդամները գրավել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը:
Այսօր ազատ են արձակվել վերջին 4 պատանդները, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։





