Ֆաթուլլահ Գյուլենը խոսել է Էրդողանի «խելագարութան» եւ «կատաղության» մասին
INTERNATIONAL NEWSՉափավոր իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով:
Այս մասին Գյուլենն այսօր հայտարարել է «Հիզմեթն այսօր» հրատարակությանը տված հարցազրույցում:
«Էրդողանի խելագարության մասին շատերն են խոսում: Նրա կողքին մշտապես մի քանի բժիշկներ են գտնվում, նա դեղեր է խմում, քանի որ որոշակի խնդիրներ ունի: Նրա շրջապատից մարդիկ ասում են, որ իր նախագահական պալատում նա հոգեկան խանգարման նոպաներ է ունենում»,- պատմել է Գյուլենը:
Նա հայտնել է, որ Թուրքիայի առաջնորդը «թունավորվել է իշխանությամբ» եւ, օրինակ, կատաղության նոպաների ժամանակ ոտքով հարվածում է պատերին:
Վտարանդի քարոզիչը նաեւ հայտարարել է, որ պատասխանատվություն չի կրում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար: Նրա խոսքով` ինքը մշտապես հանդես է գալիս բարեփոխումների նկատմամբ ժողովրդավարական մոտեցումների օգտին, իսկ բանակային ապստամբությունը միան վնաս է բերում:
Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Էրդողանն այսօր հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման իրադարձություններում սպանվել է 246 քաղաքացի:
Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն, որոշակի ազդեցություն է պահպանում հայրենիքում: 74-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց հայացքները բաժանվել են:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:



