Ադրբեջանի իշխանության մեջ փոխնախագահի պաշտոնի կռիվ է սկսվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի կողմից սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես գալը, որով նախատեսվում է երկրում փոխնախագահների ինստիտուտ ստեղծում, խիստ անսպասելի է եղել երկրի երկրորդ դեմքի պաշտոնի համար պայքարող ներիշխանական խմբավորումների համար: Նույնիսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից յոթ տարի դարձնելու առաջարկի հետ կապված իշխանության որոշ ներկայացուցիչներ հիշեցրել են, որ Հեյդար Ալիեւը դեմ էր դրան:
«Ազադլիգ»-ն այդ առնչությամբ գրում է, որ իշխանության ճամբարում փոփոխությունների հարցում ամենաշատ ուշադրությունը դարձվում է փոխնախագահության ինստիտուտի ստեղծմանը, քանի որ որոշ դեպքերում փոխնախագահներին նախագահին փոխարինելու լիազորություն է նախատեսվում:
Թերթը գրում է, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվող հենց այդ նորմը դարձյալ բորբոքել է երկրի երկրորդ դեմքի պաշտոնի համար իշխանության ներսում պայքարը:
Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ նախագիծը իշխանության ներսում պայքարը գնում էր վարչապետի պաշտոնի համար: Այդ պայքարում հոլովվում էր հատկապես արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի, պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի, հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովի անունները: Սակայն, սահմանադրական փոփոխություններ կատարվելու դեպքում վարչապետի պաշտոնի նշանակությունը կկորի, այդ պատճառով էլ հիմիկվանից մեկնարկել է փոխնախագահի պաշտոնի համար պայքարը:
«Որոշ խմբավորումներ իրենց մերձավոր պատգամավորների միջոցով նույնիսկ Իլհամ Ալիեւի հետ սկսել են խոսել վերջնաժամկետների լեզվով: Երկրի ղեկավարից պահանջում են հիմիկվանից հայտնել առաջին փոխնախագահի թեկնածուի անունը, որպեսզի այժմվանից դիրքորոշում արտահայտեն:
Հնարավոր է` իշխանության ներսում փոխնախագահության պայքարի թեժացման, կամ հասարակության լուրջ բողոքի պատճառով սահմանադրական փոփոխությունները մնան նախագծի տեսքով: Մյուս կողմից, եթե Իլհամ Ալիեւը հանկարծ հայտնի այդ անձի անունը, ապա իշխանության ներսում հասկասություններն ավելի կխորանան», -ամփոփել է թերթը:



