Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո քաոսից ամենաշատը շահել է Ասադը. Jerusalem Post
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ստեղծված քաոսից ամենաշատը շահել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
Նման մեկնաբանություն է կատարել իսրայելյան Jerusalem Post թերթը` ընդգծելով, որ Սիրիայում վարչակարգի տապալման համար ջանքերում մեծ դերակատարություն խաղալու Թուրքիայի հնարավորությունը խիստ նվազել է:
Նշելով, որ հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայի իշխանությունները մոտ 50 հազար զինվորական, ոստիկան, դատավոր, դատախազ եւ չինովնիկ են ձերբակալել, թերթը գրել է. «Ընդդիմադիրներին եւ ձախողված հեղաշրջմանը մասնակից մարդկանց ճնշելու թուրքական կառավարության գործողությունները թուլացրել են երկրի բանակին եւ պետական կառույցներին, ինչով նվազել է Սիրիայի վարչակարգին տապալելու ջանքերում նրա մեծ դերակատարության ունակությունը»:
Թերթը կարծիք է հայտնել, որ ներքին բարդ իրավիճակի հետ կապված արտաքին քաղաքականությանն ուղղված, այդ թվում` Իսրայելի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրաքի հետ հարաբերությունների վերանորոգման ջանքերի հետ միասին, Թուրքիան 180 աստիճանով շրջադարձ կատարելու առաջ է կանգնած, ինչը ենթադրում է, որ Անկարան նվազ ագրեսիվ քաղաքականություն պետք է որդեգրի Սիրիայի հարցում:
«Խիստ նվազ է հավանականությունն այն բանի, որ մոտ ժամանակում Թուրքիան ռազմական գործողություն կսկսի կամ խիստ ագրեսիվ գործողությամբ կփորձի անհանգստացնել Ռուսաստանի եւ Սիրիայի կառավարություններին», -ամփոփել է իսրայելյան թերթը:



